(+374) 97 230730

1 2 3 4 5

Ծիծեռնավանք

Հիմնադրվել է IV դ.
 

Ծիծեռնավանքը գտնվում է Արցախի (ԼՂՀ) Քաշաթաղ շրջանում, Աղավնո գետի աջ ափին, Ծիծեռնավանք գյուղի եզրին:

Վանքը արժեքավոր դեր ունի ոչ միայն Հայաստանի, այլ համայն քրիստոնյա աշխարհի համար: Վանքում է պահվում Պետրոս առաքյալի ծիծեռնը (ճկույթը), այստեղից և գալիս է «Ծիծեռնավանք» անվանումը:

Ծիծեռնավանքի եկեղեցին իր առանձնահատկություններով և ինքնատիպ հարդարանքով վաղ միջնադարի հայկական ճարտարապետության կարևորագույն կոթողներից է։ Եռանավ բազիլիկ է` ուղղանկյուն հատակագծով, չորս զույգ մույթերով, շենքի ծավալում արտաքուստ շեշտված միջին նավով: Հարավային կողմից ունի չորս դուռ: Հայկական նույնատիպ կառույցների միակ կանգուն և լավ պահպանված օրինակն է։

Հավանաբար եկեղեցին կառուցվել է հեթանոսական տաճարի հիմքի վրա: Շինարարության առաջին փուլը սկսվել է IVդ.-ում: Այդ փուլին են պատկանում արտաքին պատերի ստորին մասը` սրբատաշ բազալտով, 7–8 շարք բարձրությամբ: Ծածկը փայտաշար էր, լուսամուտների փոխարեն երդիկներ են եղել:

V–VIIդդ. հաջորդաբար ավելացվել են պատերի ֆելզիտով վերնամասը, ավանդատները և պայտաձև խորանը` սյունազարդ վերնահարկով, ինչը նույնպես բացառիկ է հայկական եկեղեցիներում: Փայտե սյուններին փոխարինեց քարե սյունակամարաշարը:

Ծիծեռնավանքի բազիլիկի կարևոր առանձնահատկությունն է արևմտյան ճակատում մուտք չունենալը, որը հատուկ է հեթանոս տաճարներին և բնորոշ չէ բազիլիկ եկեղեցիներին: Ինչպես նաև, հայկական ճարտարապետության մեջ եզակի է խորանի վերևի կամարակապ սրահը, բեմում լուսամուտ չունենալը, թաղակիր կամարների բացակայությունը և այլն:

Ի տարբերություն զուսպ արտաքին ճակատների (լուսամուտների երեսակալներ, շրջանագծի մեջ ներառված հավասարաթև խաչեր), ներսը վաղ միջնադարի հայկական արվեստին հատուկ հարուստ հարդարանք ունի: Մույթերը զարդարված են շախմատաձև ու երկշարք ատամիկներով, ալիքաձև ու պարանահյուս, օձակերպ քանդակներով, ուղղանկյան մեջ ներգծված ութճառագայթանի աստղերով (հանդիպում է հատկապես Vդ. 2-րդ կեսում Տեկոր, Երերույք, Փարպի, Ամարաս):

Հյուսիսային պատին պահպանվել է որմնանկարի մի հատված` ողջ հասակով կանգնած երկու սրբերի պատկերով։ Բազիլիկի հարդարանքում կարմիր են ներկված որոշ վարդյակներ ու մույթերի խոյակներ: Հատակը կոպտատաշ գետաքարերից է:

Եկեղեցու ներսում պահպանվել են կարասի մնացորդներ, որի եզրաշուրթերը հուշում են վաղ միջնադարը: Ըստ ավանդույթի, կարասում խորհուրդների գինի է եղել, որը օգտագործվում էր արարողությունների ժամանակ:

Վանքը գտնվել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Աղահեճք գավառում: Ծիծեռնավանք գյուղը հարկատու է եղել Տաթևի վանքին: 844թ.-ին Ծիծեռնավանքի միաբան Ստեփանոս վանականը որպես վկա ստորագրել է Սյունյաց իշխան Փիլիպեի թուղթը, որով Տաթևի վանքին էր նվիրվում Տաթև գյուղը: Ստեփանոս Օրբելյանը Ծիծեռնավանքը դասել է XIIIդ.-ի Սյունյաց նշանավոր վանքերի թվին: 1655-ին Նախիջևանի Գողթն գավառի Ս. Խաչ վանքի վանահայր, եպիսկոպոս, գրահրատարակիչ Թովմա Վանանդեցին Հայաստանի հռչակավոր սրբավայրերին նվիրած իր չափածո ներբողում հիշատակում է Ծիծեռնավանքը որպես «մեծ անցյալ» ունեցող:

Ծիծեռնավանքը բարգավաճել է XVII–XVIII դդ., երբ կառուցվել են պարիսպը` կամարակապ մեծ դարպասով (1633), հարավային կողմում՝ սեղանատունը, դատավարության սրահը, նորոգվել եկեղեցին (1779)։ Մեծ ուխտատեղի է եղել, որտեղ Համբարձման և Սուրբ Խաչի տոներին ողջ Սյունիք և Արցախ նահանգներից բազմահազար ուխտավորներ են այցելել:

Ծիծեռնավանք տանող ճանապարհը անցնում է շատ գեղեցիկ և հետաքրքիր ձորի միջով:

Հասցե՝ ք. Ստեփանակերտ, Վազգեն Սարգսյան 6/24

Հասցե՝ ԼՂՀ ք. Ստեփանակերտ, Վազգեն Սարգսյան 6/24

varandatravel@inbox.ru

(+374) 97 230730

Veranda travel logo

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Կայքերի պատրաստում և առաջխաղացում ASTUDIO