(+374) 97 230730

1 2 3 4 5

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

 

Աշխարհագրական տեղեկություններ

Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասում: Հյուսիսից սահմանակից է Վրաստանին, հարավից` Իրանին, հյուսիս-արեւելքից եւ հարավ-արեւմուտքից` Ադրբեջանին, արեւմուտքից` Թուրքիային: Հայաստանի Հանրապետության տարածքը կազմում է 29800 քառակուսի կմ եւ գտնվում է ծովի մակարդակից միջինը 1800 մ բարձրության վրա: Ամենաբարձր կետն Արագած լեռն է (4090մ), իսկ ամենացածրը` Դեբեդ գետի կիրճը (400մ): Մայրաքաղաքը Երեւանն է: Ըստ 2003թ. անցկացրած մարդահամարի տվյալների բնակչության թիվը կազմում է 3,2 միլիոն, որից 1,1 միլիոնը ապրում է Երեւանում:

Կառավարում

Նախագահը - Հանրապետության Նախագահը պետության գլուխն է: Հանրապետության նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ հինգ տարի ժամկետով: 2013թ.-ին ՀՀ նախագահ է վերընտրվել Սերժ Սարգսյանը:
Օրենսդիր իշխանությունը - Հայաստանում բարձրագույն օրենսդիր մարմինը միապալատ Ազգային Ժողովն է: Ազգային Ժողովն ընտրվում է համաժողովրդական ընտրությունների միջոցով՝ հինգ տարի ժամկետով:
Գործադիր իշխանությունը - Գործադիր իշխանությունն իրականացնում է ՀՀ կառավարությունը: Կառավարությունը կազմված է վարչապետից և նախարարներից:

Կլիմա

Հայաստանյան կլիման չոր արեւադարձային է: Տարվա մեջ հիմնականում գերիշխում են արեւաշատ օրերը: Այստեղ շոգ ամառներ են, ջերմաստիճանը տատանվում է +22 C մինչեւ +36 C-ի միջեւ: Ձմեռները հիմնականում ցուրտ են` միջինը -15 C մինչեւ -1 C: Բարձր լեռների գագաթները պատված են հավերժական ձնաշերտով, մինչդեռ դրանց ստորոտներն ալպյան մարգագետիններ են: Հայաստան այցելելու լավագույն ժամանակը գարունն է ու աշունը: Ամենօրյա եղանակային կանխատեսումներին կարելի է ծանոթանալ հետեւյալ ինտերնետային էջում http://www.meteo.am:

Բանկեր

Հայաստանի բանկային համակարգը ձեւավորված է 21 առեւտրային բանկերով, որոնց գործունեությունը վերահսկում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը: Երեւանում բանկերը աշխատանքային օրերին բաց են ժամը 10-16-ը, իսկ շաբաթ օրերին` հիմնականում 10-13-ը` առանց ընդմիջման: Կանխիկացման կետեր (բանկոմատներ) կան Երեւանի բոլոր կենտրոնական փողոցներում:

Դրամ

Հայկական դրամական միավորը կոչվում է "Դրամ" (կոդը՝ AMD): Այն շրջանառության մեջ է դրվել 1993թ.: Կան 1000, 5000, 20000, 50000, 100000 արժեքների թղթադրամներ: Կան նաեւ 10, 20, 50, 100, 200, 500 արժողությամբ մետաղադրամներ:
Տարադրամ կարելի է փոխանակել քաղաքում ամենուր գտնվող բանկերում եւ փոխանակման կետերում: Տարադրամի մոտավոր փոխարժեքը հետեւյալն է.

1 USD = 482 AMD
1 EUR = 508 AMD
1 RUB = 8.09 AMD
1 GBP = 581 AMD

 

Էլեկտրականություն

Կենցաղում օգտագործվող էլեկտրականությունը 220 վոլտ, 50 հերց է, ինչպես գրեթե ողջ Եվրոպայում:

Թռիչքներ

Հայաստանն ունի երկու հիմնական օդանավակայան: Գլխավոր օդանավակայանը Զվարթնոցն է, որը գտնվում է Երեւանի կենտրոնից մոտ 12 կմ հեռավորության վրա, իսկ երկրորդը՝ գտնվում է Գյումրիում: Աշխարհի ավելի քան 50 քաղաքներից կան թռիչքներ դեպի Երեւան եւ հակառակը, այդ թվում՝
Մոսկվա, Փարիզ, Վիեննա, Պրահա, Հռոմ, Լոնդոն, Բեյրութ, Դուբայ, Սանկտ-Պետերբուրգ, Թեհրան, Միլան, Վարշավա, Ստամբուլ եւ այլն:

Տոներ եւ ոչ աշխատանքային օրեր

Հայաստանում տոնվում են թե՛ աշխարհիկ, եւ թե՛ եկեղեցական տոներ: Խանութներն ու ռեստորաները հիմնականում աշխատում են նաեւ տոն օրերին: Հետեւյալ տոնական օրերը ոչ աշխատանքային են.

  • Ծննդյան տոներ եւ Ամանոր՝ (դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 6-ը),
  • Բանակի օր՝ հունվարի 28,
  • Կանանց տոն` մարտի 8,
  • Աշխատանքի օր՝ մայիսի 1,
  • Հաղթանակի եւ խաղաղության տոն` մայիսի 9,
  • Հանրապետության տոն՝ մայիսի 28,
  • Սահմանադրության օր՝ հուլիսի 5,
  • Անկախության տոն՝ սեպտեմբերի 21:

Ոչ աշխատանքային է նաեւ ապրիլի 24-ը՝ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը:

Լեզու

Պետական լեզուն հայերենն է, որը հանդիսանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ: Հայկական տառատեսակը արմատական տարբերություն ունի մյուս բոլոր տառատեսակներից: Պետական շենքերն ու հասարակական վայրերը հիմնականում ունեն նաեւ լատինատառ ցուցատախտակներ: Հայերենից բացի լայնորեն կիրառվում է նաեւ ռուսերենը, շատերը խոսում են նաեւ անգլերեն:

Խոհանոց

Հայկական ավանդական խոհանոցն ունի ճաշատեսակների մեծ բազմազանություն: Թարմ բանջարեղենն ու միսն ամենասիրելի կերակուրների ցանկում են: Հայկական որեւէ տոնակատարության սեղան անհնար է պատկերացնել առանց խորովածի, քյուֆթայի, դոլմայի կամ ղափամայի: 

Փոստատներ

Հայաստանում փոստատներն աշխատում են ամեն օր ժամը 9-ից 19-ը, բացի կիրակի օրերից: Գլխավոր փոստատներից մեկը գտնվում է Հանրապետության Հրապարակում` Կառավարության շենքի դիմաց:

Տրանսպորտ

Գործում են տրանսպորտի հետեւյալ տեսակները.
Մետրո. Երեւանյան մետրոն ունի քաղաքի հյուսիսից-հարավ ձգվող մի երթուղի` 10 կայաններով: Երթեւեկության վարձը 100 դրամ է:
Ավտոբուս. Ավտոբուսները երթեւեկում են գլխավոր ուղղություններով: Վարձը` 100 դրամ:
Միկրոավտոբուս. 12-15 տեղանոց միկրոավտոբուսները երթեւեկում են գրեթե բոլոր ուղղություններով: Վարձը` 100 դրամ:
Տաքսի. Կան տաքսի ծառայության շատ գրասենյակներ, որոնք պատվերն ընդունում են հեռախոսով` առաջարկելով հարմարավետ ավտոմեքենաներ: Գինը 1 կիլոմետրի դիմաց 100 դրամ է (նվազագույնը՝ 600 դրամ): Փողոցների խաչմերուկներում եւ մարդաշատ վայրերում նույնպես կարելի է օգտվել տաքսիներից:

Կրոն

Հայաստանում պետական կրոնը քրիստոնեությունն է, որն ընդունվել է 301թ: Քրիստոնեությունն այստեղ ունի բավականին խոր ու ամուր արմատներ:
Հայաստանում բնակվող հայերի գերիշխող մեծամասնությունը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցուն: Եղեղեցու գլուխ կանգնած է Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որի նստավայրը գտնվում է Էջմիածնում:

Հեռախոսազանգեր

Հայաստանի կոդը 374 է, իսկ Երեւանինը` 10:
Հայաստանից արտերկիր կարելի է զանգահարել հավաքելով` 00, երկրի կոդը, քաղաքի կոդը եւ հեռախոսահամարը:

Հայաստանի գրեթե ողջ տարածքում գործում են 3 բջջային օպերատորներ՝ "Բիլայն", "Վիվա Սելլ", "Օրանժ", որոնց քարտերը կարելի է ձեռք բերել Զվարթնոց օդանավակայանից, այդ օպերատորների գրասենյակներից կամ մեծ խանութներից՝ անձնագրի պատճենի առկայությամբ: Քարտերը ապահովում են 3G կապ և գերարագ ինտերնետ: Բջջային հեռախոսից Երեւանի քաղաքային ցանցի հեռախոսահամարներին զանգահարելիս պետք է հավաքել 010, այնուհետեւ քաղաքային հեռախոսահամարը: 

Ժամային գոտի

Գրինվիչի ժամանակ + 4 ժամ (GMT+4): 2012թ.-ից Հայաստանում ամառային եւ ձմեռային ժամանակների անցում չի կատարվում:

 

Հասցե՝ ք. Ստեփանակերտ, Վազգեն Սարգսյան 6/24

Հասցե՝ ԼՂՀ ք. Ստեփանակերտ, Վազգեն Սարգսյան 6/24

varandatravel@inbox.ru

(+374) 97 230730

Veranda travel logo

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Կայքերի պատրաստում և առաջխաղացում ASTUDIO