(+374) 97 230730

1 2 3 4 5

Ազոխի քարանձավ

 
 

Արցախի Հադրութի շրջանի Ազոխ և Դրախտիկ գյուղերի միջև գտնվող քարանձավը հանդիսանում է քարի դարի Կովկասյան բնակավայրերից հնագույններից մեկը: Հին հայկական պատմիչները բազմիցս հիշատակել են Ազոխի քարանձավը: Մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ Ամարասի տիրակալները այստեղ էին թաքցնում Արցախ աշխարհի հարստությունները:

Երկար ժամանակ քարանձավը պատված էր գաղտնիքով, ընդամենը 1960-ական թվականերին հնէաբան գիտնականները սկսել են նրա ուսումնասիրությունը: Այդ հնագույն հուշարձանը ունեցել է մուտքեր և ելքեր վեց բավիղանման սրահներից: Ամենամեծ սրահը զբաղեցնում է 3000 քառակուսի մետր մակերես: Հսկայական կլոր դահլիճի պատերը ունեն տարօրինակ մակերևույթ, կարծես նրանց օձեր են կպցրած: Ուժեղ լուսավորության դեպքում, զարդաքանդակները այնպես են փայլում, կարծես գտնվում ես հիասքանչ պալատում: Հրաշակերտ պալատին առավել վայելչություն են հաղորդում, սառցելեզվակներ հիշեցնող, հսկայական պտկաքարերը և շթաքարերը:

Այստեղ, աշելյան մշակութային դարաշրջանի շերտում, առաջին անգամ են հայտնաբերվել բուսական և կենդանական աշխարհների բրածո մնացորդներ, նախնադարյան արվեստի հետքեր, քարե գործիքներ, որոնց տարիքը գերազանցում է 700 000 տարին:

Այդ սրահից տարբեր կողմեր միջանցքներ են ձգվում: Արևելյանը, կապում է մեծ սրահը հաջորդի հետ: Այս միջանցքը «բարեկարգված է», նկատվում է մարդու աշխատանքի ազդեցությունը: Մի քանի մետրից սկսվում է երրորդ սրահը: Շթաքարերով զարդարված կամարները սրահը բաժանում են մի քանի մասի: Հատակը անհարթ է, տեղ-տեղ կազմավորվել են փոքր ջրափոսեր: Մեկ այստեղ, մեկ այնտեղ բացվում են ուղղաձիգ անցքեր, բարձրանում են սրածայր պտկաքարեր, իսկ պատերի մեջ բացվում են խճճված անցքեր և աստիճաններ: Այստեղ հայտնաբերվել են բազմապիսի կավե իրեր, տաշած քարեր, կենդանիների հարյուրավոր ոսկորներ: Պարզվում է, որ առաջին մարդիկ ունեցել են բավականին բազմապիսի սնունդ: Սննդի մնացորդների մեջ գիտնականները հայտնաբերել են այնպիսի կենդանիների մնացորդներ, որոնք վաղուց անհետացել են:

Ի տարբերություն մյուս դահլիճների, հաջորդ` չորրորդ, դահլիճի հատակը հարթ է և բավականին չոր, քանի որ ստորերկրյա ջրերը այստեղ չեն թափանցում: Սրահը ունի միայն մեկ մուտք և այստեղ ավելի ցայտուն են մարդկային աշխատանքի հետքերը: Շատ հավանական է, որ այդ սրահը ծառայել է որպես գաղտնարան կամ ինքնատիպ պահեստ: Այստեղից միջանցքը թեքվում է դեպի հարավ-արևմուտք և դուրս է գալիս դեպի քարանձավի հարավային մուտքը:

Մուտքի մոտ, 7մ խորության վրա, հնէաբանները հայտնաբերել են մուստերյան դարաշրջանի նեանդերթալցու վերին ծնոտի բեկոր: Բեկորը, իր կառուցվածքով և ատամների դասավորությամբ զգալիորեն տարբերվում է ժամանակակից մարդու ծնոտից: Մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ծնոտի վրա պահպանվել են իմաստության և երկու այլ ատամների մնացորդներ: Ազոխի քարանձավի առաջին բնակչի ծնոտի հայտնաբերումը ունի մեծ նշանակություն: Մինչ այդ նեանդերթալցու մնացորդներ հայտնաբերվել են չորս տեղերում` Սիդի Աբդուրախմանում (Մարոկկո), Շտեյնխեյմում (Գերմանիա), Սպանոկոմբում (Անգլիա) և Սեդիա-դել Դիաբոլոնում (Իտալիա): Արցախի Հադրութի շրջանում գտնված նեանդերթալցու ծնոտը գիտական գրականությունում դասվում է 5-րդ համարի տակ:

Ազոխի քարանձավը առաջնակարգ նշանակություն ունի, ոչ միայն նեանդերթալցու կազմախոսության վերականգնման տեսակետից, այլ նաև հաստատում է այն տեսակետը, որ Հայաստանի տարածքը մտնում է անտրոպոգենեզի և մարդու վաղ բնակեցման շրջանի մեջ:

Նկարագրված չորս սրահներից բացի, հետագայում հայտնաբերվել են ևս երկուսը: Խորհրդավոր քարանձավով անցնող «ուղիների» երկարությունը ոչ ամբողջական տվյալներով գերազանցում է 300մ: Քարանձավում հայտնաբերված է եղել 43 տարբեր տիպի կենդանիների ավելի քան 20 հազար ոսկոր, մոտ 6 հազար քարե գործիք և այլ իրեր, ինչպես նաև միջնադարյան շինության հետքեր:

Իհարկե առայժմ հայտնաբերված են ոչ բոլոր գաղտնիքները: Բազմաթիվ հազարամյակներ գործող այդ ընդարձակ նախնադարյան բնակավայրը պարբերաբար ուսումնասիրվում է և մատուցում է նոր անակնկալներ հատազոտողներին:

Հասցե՝ ք. Ստեփանակերտ, Վազգեն Սարգսյան 6/24

Հասցե՝ ԼՂՀ ք. Ստեփանակերտ, Վազգեն Սարգսյան 6/24

varandatravel@inbox.ru

(+374) 97 230730

Veranda travel logo

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Կայքերի պատրաստում և առաջխաղացում ASTUDIO