(+374) 97 230730

1 2 3 4 5

Կաչաղակաբերդ

 
VIII դ.
 

Բարձր անտառապատ լեռներում անհնար է չնկատել կտրուկ վեր խոյացող մի լեռնագագաթ, որը բոլոր կողմերից շրջապատված է ուղղաձիգ ժայռերով...

Կաչաղակաբերդը գտնվում է Պտրեցիկ և Քոլատակ գյուղերի միջև: Լեռան գագաթը, որի վրա կանգնեցված է բերդը, կարելի է ճանաչել տասնյակ կիլոմետրերից: Հատկապես այն աչքի է ընկնում Ստեփանակերտից Գանձասար տանող ճանապարհով անցնելիս:

Ճարտարապետություն

Լեռնագագաթը արևմտյան, հյուսիսային և արևելյան կողմերից շրջապատված է ուղղաձիգ հարթ ժայռերով` 50-60մ բարձրությամբ: Համեմատաբար թույլ կողմը հարավայինն է, որտեղ և գտնվում է մուտքը: Սակայն չափազանց դժվար է մտնել ամրոց, քանի որ մուտք որպես այդպիսին չկա. առանց մագլցման անհնար է հասնել պարսպին:

Հեռվից նայելիս բերդի ընդգրկած տարածքը փոքր է թվում, բայց իրականում այն բավականաչափ մեծ է: Հնում այստեղ եղել են բազմաթիվ կացարաններ, ժայռափոր գաղտնուղիներ, հրակնատներ` քար նետելու համար: Ուշադրություն էր հատկացված նաև ջրամատակարարմանը: Բերդի կենտրոնական մասում պահպանվել են երկու ժայռափոր ջրամբարներ, որոնք լցվում էին անձրևաջրով:

Պատմություն

Կառույցը պատկանում է VIIIդ.: Արաբական արշավանքների ժամանակ, ժայռեղեն կղզին կառուցապատվեց և վերածվեց ամրոցի: Որոշ աղբյուրներում, այդ հնագույն պաշտպանական կենտրոնը հիշատակվում է նաև Խաչենի ամրոց անունով:

Բազմիցս Կաչաղակաբերդը պաշտպանել է հարակից գյուղերի բնակիչներին: Համաձայն Մովսես Կալանկատուացու, IXդ.-ում Սպրամ անունով մի իշխանուհի, կորցնելով ամուսնուն, «տղամարդու արիություն է ձեռք բերում և, վերցնելով իր հետ ողջ մնացած դուստրին, հաղթահարում է երկար գիշերային ուղին և պաշտպանվում Խաչենի ամրոցում»:

Իր գերիշխող դիրքի և բացարձակ անմատչելիության շնորհիվ, բերդում կարելի էր պաշտպանվել նույնիսկ առանց զենքի: Պատահական չէ, որ ժողովուրդը ամրոցը կոչել է «Կաչաղակաբերդ», քանի որ միայն կաչաղակներին է այն հասանելի: Տեղի բնակիչները բերդը ճանաչում են «Սղսղան» անունով, քանի որ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մարդիկ սղացել են լեռան գագաթից` չհասնելով պարսպին:

* * *

Պատմությունը փոխանցել է նաև բերդի անվանման մեկ այլ ծագում:

Մի զավթիչ պաշարում է Կաչաղակաբերդը: Երբ նա տեսնում է ամրոցի անառիկությունը, անշուշտ հրաժարվում է այն հարձակումով գրավելու մտքից: Որոշում է սպասել մինչ պաշարվածները ինքնակամ կհանձնվեն: Անցնում է մի քանի ամիս: Զավթիչը համոզված էր, որ սննդի պաշարները բերդում վաղուց սպառվել են, սակայն, ի զարմանս նրա, պաշտպանությունից ոչ ոք դուրս չէր գալիս: Եվ ահա, երբ արդեն հնչում է նահանջի հրամանը, զավթիչին զարմացնում է մի տարօրինակ երևույթ...

Այդ տեղանքում շատ են կաչաղակները, որոնց հաճախ կարելի է տեսնել բերդի մոտ թռչելիս: Սակայն այդ օրը, վաղ առավոտյան, գագաթի վրա հայտնվում է կաչաղակների չափազանց մեծ բազմություն: Տեսնելով դա, զավթիչը ամրոց ուղարկեց մի քանի զինվոր, որոնք դժվարությամբ մտան բերդ: Նրանց ներկայությունից կաչաղակները թռացրիվ եղան, իսկ թռչունների տակ պարկած մնացին մեռյալներ: Պատսպարվելով ամրոցում և միաժամանակ պաշտպանելով այն` հայերը սովամահ են լինում, սակայն չեն հանձնվում:

Այսպիսով կաչաղակները իմաց են տալիս թշնամուն այն մասին, որ գագաթում այլևս չմնաց կենդանի պաշտպան, և զավթիչը առանց դիմադրության վերցնում է գրեթե ազատագրված ամրոցը:

Երկար տարիներ մարդիկ նայելով գագաթին հիշում էին այն կենդանիներին, որոնք մի ժամանակ հանձնեցին բերդը: Կաչաղակների անունով էլ ամրոցը մնաց ժողովրդի հիշողության մեջ:

Հասցե՝ ք. Ստեփանակերտ, Վազգեն Սարգսյան 6/24

Հասցե՝ ԼՂՀ ք. Ստեփանակերտ, Վազգեն Սարգսյան 6/24

varandatravel@inbox.ru

(+374) 97 230730

Veranda travel logo

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Կայքերի պատրաստում և առաջխաղացում ASTUDIO