(+374) 97 230730

1 2 3 4 5

Տող գյուղի պատմական հուշարձաններ

 
Ս. Հովհաննես եկեղեցի` XIII դ., ապարանք` XVIIIդ..
 

Տող գյուղը գտնվում է Արցախի Հադրութի շրջանում:

Պատմական աղբյուրներում Տող բերդաքաղաքը հանդես է գալիս արաբական զավթիչների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի ժամանակներից: Բազմաթիվ խաչքարերը և տապանաքարերը, եկեղեցիները և հին ամրոցները, դղյակները, քարանձավները, արտադրական և կենցաղային բնույթի տարբեր կառույցները, որոնք գտնվում են գյուղում և մոտակայքում, Տողի պատմական մեծ նշանակության վառ ապացույցներն են:

Սուրբ Ստեփանոս եկեղեցին գտնվում է գյուղի հարավ-արևմտյան մասում, ընդարձակ գերեզմանոցի մոտ: Ժամանակակից եկեղեցու տեղում գոյություն է ունեցել ավելի հին կառույց, ենթադրաբար դա եղել է հեթանոսական տաճար: Եկեղեցու պատերի մեջ տեղադրված են բազմապիսի զարդաքանդակներով զարդարված 51 խաչքար:

Գերեզմանոցի հյուսիս-արևմտյան մասում, զառիվեր լանջին, գտնվում է Կուսանաց անապատ կոչվող եկեղեցին, որը գրեթե կիսով չափ ծածկված է հողով: Պատերի մոտ նկատելի են վանական խցերի հետքերը: Եկեղեցու միակ արձանագրությունը արված է մուտքի վերևում տեղադրված խաչքարի վրա. «Սուրբ Վարդանի Խաչ»: Հավանաբար, եկեղեցին նույնպես կոչվել է Սուրբ Վարդանի անունով: Ավարայրի ճակատամարտի հերոս` Վարդան զորավարի անունը սրբություն է եղել ժողովրդի համար և Հայաստանի տարբեր շրջաններում նրա պատվին կառուցվում էին եկեղեցիներ, մատուռներ և խաչքարներ:

Սուրբ Հովհաննես եկեղեցին (XIIIդ.) գտնվում է Տողի կենտրոնում և բավականին լավ է պահպանվել: Եկեղեցին շրջապատված է քարե պարիսպով: Պարսպի հարավ-առևելյան անկյունում գտնվող աշտարակից հիանալի տեսարան բացվում գյուղի և շրջապատի սարերի ու դաշտերի վրա: Եկեղեցու ներսում, բակում և շրջակայքում պահպանվել են բազմաթիվ տապանաքարեր:

Դիզակի մելիքների երկհարկ ապարանքը իրենից ներկայացնում է հետաքրքիր ճարտարապետական համալիր: Այն գտնվում է Տողի կենտրոնական մասում և ունի ուղղանկյուն հատակագիծ (38x13,2մ): Առաջին հարկը կառուցվել է XVIIIդ. 20-30-ական թթ., իսկ երկրորդը` XIXդ.:

* * *

Տողում, հատկապես նրա հին այգիներում, հաճախ են հանդիպում փոքրիկ հին գինեգործարաններ մեծ կարասներով: Սովորույթի համաձայն երեխայի ծննդյան օրը նրա ծնողները հողի մեջ էին թաղում կարմիր գինով լի կարաս (դրանց տարողությունը սովորաբար կազմում էր 150-300 լիտր): Այդ կարասները բացում էին 15-20 տարի անց, երեխայի հարսանիքի օրը:

Մեկ այլ սովորույթի համաձայն, որդուն պատերազմի ուղարկելուց, նրա պատվին ծառ էր տնկվում: Դարերի ընթացքում այդ ծառերը վերածվել են ընդարձակ այգիների և կյանք են տվել երբեմնի քարքարոտ լանջերին:

 

Հասցե՝ ք. Ստեփանակերտ, Վազգեն Սարգսյան 6/24

Հասցե՝ ԼՂՀ ք. Ստեփանակերտ, Վազգեն Սարգսյան 6/24

varandatravel@inbox.ru

(+374) 97 230730

Veranda travel logo

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Կայքերի պատրաստում և առաջխաղացում ASTUDIO