(+374) 97 230730

1 2 3 4 5

Բարձր  լեռներում, արծվի բույնի պես, հայ ժողովրդի համար ապագայի նկատմամբ անկոտրուն հավատի խորհրդանիշ դարձած, իր երկուհարյուրամյա պատմությամբ բազմել է քաղաք – ամրոց Շուշին: Բյուրեղային մաքրությամբ լեռնային օդը, նուրբ կլիման, անտառապատ շրջակայքը, հանքային բուժիչ աղբյուրները Շուշին դարձնում են Արցախի ամենանախընտրելի հանգստյան վայրերից մեկը: Արցախի  ամենագողտրիկ անկյուններից մեկը՝ Շուշիի բարձրավանդակը, բնակեցված է եղել մեր նախնիներով դեռ հնագույն ժամանակներից: Հնագիտական պեղումների միջոցով այստեղ գտել են Հելլենիզմի և Վաղ միջնադարի ժամանակաշրջաններին պատկանող նյութական մշակույթի նմուշներ: Մեր թվարկության առաջին հազարամյակի վերջում այստեղ արդեն կառուցված էին պաշտպանական կառույցներ: XIII դարի սկզբին կառուցվել է ամրոց, որը  շնորհիվ Հայաստանի և Պարսկաստանի միջև գործող քարավանային ճանապարհների նկատմամբ ունեցած իր դիրքի, շատ կարճ ժամանակում վերածվեց հարուստ և բազմամարդ բնակավայրի: Պարսկաստանի տիրապետության տակ ընկած ժամանակահատվածում Շուշին զարգացում է ապրել, որպես առևտրական կենտրոն: 1813 թվականի Արևելյան Հայաստանի, այդ թվում նաև Ղարաբաղի միացումը Ռուսական կայսրությանը, և դրան հաջորդած հարյուրամյա խաղաղությունը աննախադեպ լայնածավալ շինարարական աշխատանքների, արհեստների ծաղկման, կրթության և մշակույթի զարգացման  խթան հանդիսացավ: 1847թվականին Շուշին իր գերբով ստացավ քաղաքի կարգավիճակ: XX դարի սկզբներին Շուշին եվրոպական բոլոր հարմարություններով լիարժեք քաղաք էր՝ ջրատարով, զարգացած մշակութային և առևտրաարդյունաբերական կյանքով: Այստեղ հրատարակվում էին 20 հայերեն ու 2 ռուսերեն ամսագիր և թերթ, գործում էին 6 դպրոցներ, ռեալական ուսումնարան, հարավային կովկասում առաջին օրիորդաց Մարիամյան դպրոցը ու Թեմական դպրոց: 350 տեղանոց Խանդամիրյանի դրամատիկական թատրոնում բեմադրվում էին հայկական և եվրոպական հեղինակների մի շարք պիեսներ: 570 արհեստանոցներում արտադրվում էին համաշխարհային ճանաչում ստացած ղարաբաղյան մետաքս և գորգեր, ոսկերչական զարդեր և այլ ճոխության առարկաներ: Շուշիի երկու մեծ շուկաները ապշեցնում էին ճանապարհորդողներին իրենց արևելյան երանգներով: Ղարաբաղի մայրաքաղաքի բնակչությունը կազմում էր 45 հազ. մարդ, որից 30 հազարը հայկական բնակչությունն էր, 15 հազարը՝ մուսուլմանական: Բնակչության հոգևոր կարիքները բավարարվում էին 7 հայկական եկեղեցիներում, 2 մզկիթներում և 1 ուղղափառ եկեղեցում: «Կովկասի կոնսերվատորիային» (այդպես էին անվանում Շուշին Կովկասում) կործանարար վնաս հասցվեց 1920 թվականի մարտին, երբ տեղի իսլամիստների աջակցությամբ, Ադրբեջանի Հանրապետության կանոնավոր բանակի զորքերը, ներխուժելով քաղաքի քրիստոնյա մասը, երեք օր շարունակ անպատժելիորեն կոտորում էին քաղաքացիներին, թալանում և վառում նրանց տները: Քաղաքի 2/3 մասը վառվել էր, քաղաքը վերածվել էր ավերակների և ամբողջությամբ զրկվել էր իր 30 հազ. հայ բնակչությունից: Խորհրդային իշխանության օրոք Շուշին այդպես էլ չկարողացավ վերականգնվել այդ հարվածից, կորցրեց իր մշակութային արժեքները` վերածվելով գավառական, խուլ բնակավայրի: 1992 թվականի Շուշիի ազատագրումից հետո մշակվել է և ներկայումս կյանքի է կոչվում, նրա վերականգնման ծրագիրը: Շուշին դարձել է ազգի վերածննդի խորհրդանիշ և տուրիստների համար ուխտագնացության վայր: Ներկայումս այստեղ գործում են երեք հյուրանոցներ, արվեստի, արհեստների և զբոսաշրջության կենտրոնը, «Նարեկացի» արվեստի միությունը և կերպարվեստի թանգարանը:

ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԱՄՐՈՑԸ  Քաղաքի հիմնական տեսարժան վայրերից է Շուշիի ամրոցը: Միջնաբերդի պատերը, որոնք համարյա լրիվությամբ պահպանվել են, կառուցվել են XVIII դարի սկզբին Վարանդայի մելիքների (իշխանների), իսկ հետագայում՝ այստեղ հրավիրված թուրքական քոչվոր ցեղերի առաջնորդների կողմից: Արցախը Ռուսաստանին միացնելուց հետո 1826 թվականին ռուս – պարսկական պատերազմի ժամանակ Շուշիի պաշտպանության նախօրեին, ամրոցը վերակառուցվել է ռուս ինժեներների կողմից: 2,5կմ երկարությամբ ամրոցի պատերը սկսվում են սարահարթի հարավ – արևմտյան մասում խոյացող բարձր ժայռերից, զառիվեր լանջերով իջնում են ձորը և արևելքից կրկին ձուլվում ուղղաձիգ ժայռերին: Շուշիի մնացած կողմերը պաշտպանված են զառիվեր ժայռերով: 7-8 մ բարձրությամբ աշտարակներով ամրոցի անմատչելի պարիսպները, որոնք կառուցված են տեղի ժայռային մասիվից, թվում է, թե ծնվում են այդ ժայռերից և չափազանց գեղատեսիլ կերպով միաձուլվում են դրանց հետ: Ամրոցի 4 դարպասներից միայն Ելիզավետապոլ դարպասն է, որ պահպանվել է իր նախաստեղծ տեսքով:
Վիրտուալ տուր ամրոցում

ՎԵՐԻՆ ՄԶԿԻԹԸ  XIX դարի վերջին իսլամ դավանող բնակչության կրոնական կարիքների համար Շուշիում կառուցվել են 2 մզկիթներ և աղոթատներ: Մուսուլմանական թաղամասի կենտրոնական մասում տեղակայված Վերին մզկիթը կառուցվել է 1883 թվականին՝ հայտնի պարսիկ ճարտարապետ Քերբալա Սեֆի Խանի նախագծով: Այն իր մեջ ընդգրկում է ավանդական իսլամական ճարտարապետական ոճի և Շուշիի քաղաքաշինական ավանդույթների համադրությունը: Մզկիթի ճակատային մասը գեղեցիկ ընդգծված է երկու բարձր աղյուսե մինարեթներով, որոնցից օրը հինգ անգամ մուեձինները (մզկիթի ծառայողները) հավատացյալներին կանչում էին աղոթքի: Ավելի ուշ մզկիթի մոտակայքում կառուցվել է «մեդրեսեի» (մուսուլմանական հոգևոր դպրոց) շենքը: Խորհրդային շրջանում մզկիթը ձևափոխվել է պատմառեգիոնաբանական թանգարանի: Ներկայումս, հավատացյալ-մուսուլմանների բացակայության պատճառով մզկիթը որպես կրոնական հաստատություն չի գործում: Այստեղ իրականացվում են վերականգնողական աշխատանքներ:

ՂԱԶԱՆՉԵՑՈՑ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԸ  Շուշիի ճարտարապետական գերիշխող կառույց է համարվում 40մ բարձրությամբ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը անվանում են նաև Ղազանչեցոց: Այն կառուցվել է քաղաքի կենտրոնի լայն հրապարակում 1888 թվականին՝ սպիտակ կրաքարից, որը վարպետորեն զարդարված է մանր արտահայտիչ փորագրություններով: Հատկապես, մեծ տպավորություն է թողնում գմբեթը, որը կառույցին տալիս է փառահեղ էլեգանտ տեսք և ոգևորություն: Տաճարի մոտ խոյանում է զանգակատունը, որի առաջին հարկի անկյուններում գտնվող 4 հրեշտակները, որոնք ահեղ դեմքով փչում են շեփորներ, բացառիկ երևույթներ են հայկական ավանդական ճարտարապետության մեջ: Խորանի տակ գտնվում է սարսուռ ներշնչող հատուկ սենյակ, որը օժտված է բացառիկ ակուստիկ հատկություններով, և որտեղ անճանաչելիորեն փոխվում է մարդու ձայնը. սեփական ձայնը լսվում է որպես օտար ձայն: Ղազանչեցոց եկեղեցին Հայաստանի ամենափառահեղ ավանդական կառույցներից է, որը փայլուն կերպով արտացոլում է հայ ժողովրդի ճարտարապետական տաղանդը:

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ  Քաղաք – ամրոցին հատուկ երանգ է տալիս քաղաքացիական ճարտարապետության հուշարձանները՝ բնակելի տները, հանրային շինությունները, որոնք կառուցված են Շուշիին բնորոշ յուրահատուկ ճարտարապետական ոճով: Մինչև մեր օրերը պահպանված XIX դարի տներով քարապատ փողոցները ապշեցնում են ճանապարհորդներին իրենց շինարարական տեխնիկայով: Գոտիները, շքամուտքերը և պատուհանների շրջանակները, որոնք շինություններին տալիս են հանդիսավոր տեսք, իրենցից ներկայացնում են տեղի ճարտարապետության յուրահատուկ տեսակ: Երբ քայլում ես հինավուրց քաղաքով, նույնիսկ, մտքովդ էլ չի անցնում, որ բոլոր տները մի ոճի են, իսկ բազմազանությունը, մեծ մասամբ, պայմանավորված է կանաչ այգիների մեջ սուզված շինությունների տեղաբաշխվածությամբ: Վառ գույները, ռելիեֆի հարստությունը, որմնախորշերի, պատշգամբների և շքամուտքերի բազմազանությունը հին քաղաքի պահպանված փողոցների տարածական ներդաշնակությունը դարձնում են զարմանալիորեն հարուստ:

Մինչև մեր օրերը պահպանվել են նաև որոշ մոնումենտալ ճարտարապետության հուշարձաններ: Հատկապես, հարկ է նշել Հարավային Կովկասում  ամենահայտնի կրթօջախներից մեկի` Ռեալական ուսումնարանի եռահարկ շենքը: Այն կառուցվել է 1901-1908 թթ. և մինչև այսօր ապշեցնում է իր համամասնություններով, վեհակերտ ձևերով, ազգային և եվրոպական ճարտարապետական ավանդույթների հմուտ համակցությամբ: Հարևանությամբ տեղակայված է Ժամհարյանների քաղաքային հիվանդանոցը, Մարիամյան օրիորդաց դպրոցը, որոնք կառուցված են ազգային ճարտարապետության առանձնահատկություններով: Ոչ պակաս հետաքրքրություն են վայելում նաև Շուշիի կենտրոնական հրապարակից ոչ հեռու գտնվող քարվանսարաների (իջևանատուն) ավերակները:

ՇՈՒԿԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿԸ Քաղաք – ամրոցի կենտրոնական մասում տեղակայված է տուրիստների համար ամենահետաքրքիր վայրերից մեկը՝ Շուկայի հրապարակը: Այն գտնվում է երկու կենտրոնական փողոցների խաչմերուկում՝ շրջապատված է միջնադարյան շուկայի Թարխանյան եղբայրների շենքերով և Վերին մզկիթով: Շուկայի երկհարկանի շենքը քաղաքացիական ճարտարապետության հիանալի օրինակ է: Այն իրենից ներկայացնում է ուղղանկյուն բակ, շրջապատված բազմաթիվ կամարաձև պատկերասրահներով, որտեղ տեղակայվում էին ինչպես վաճառասեղանների շարքերը, այնպես էլ վաճառողների բնակարանները: Միջնադարյան շուկայի սենյակներից մեկը, գործող ավանդության համաձայն, հատկացված էր որպես իսլամ դավանող մշտական հյուրերի աղոթատեղ:

Ներկայումս միջնադարյան շուկայի Թարխանյան եղբայրների շենքը վերակառուցված է և գործում է իր ուղղակի նշանակությամբ: Այստեղ կբացվեն արհեստանոցներ, հուշանվերների խանութներ և տարաբնույթ հագուստի խանութներ:

ՀԻՇԱՐԺԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ  Բազմաթիվ հիշարժան աղբյուրներ իրենցից ներկայացնում են փոքր չափերի ճարտարապետության տպավորիչ օրինակներ, որոնք կառուցված են քաղաքի տարբեր մասերում: Դրանք կառուցված են կրաքարից, ունեն ոչ մեծ սենյակի չափեր և հարուստ կերպով զարդարված են նախշաքանդակներով: Դրանք բոլորն էլ ներդաշնակորեն խառնվում են Շուշիի մթնոլորտին: Հուշագրությունները, քիվերը, գեղեցիկ շքամուտքերը տալիս են աղբյուրներին յուրահատուկ շքեղություն և հիացնում են ճանապարհորդներին: Նրանցից առաջին երկուսը կառուցվել են 1871 թվականին, իսկ 1896 թվականին բարերար Թադևոս Թամիրյանի միջոցներով կառուցած նոր ջրատարի շահագործումից հետո, այդպիսի աղբյուրների թիվը Շուշիում հասավ երկու տասնյակի: Դրանցից համարյա կեսը պահպանվել են մինչև օրս:

ՀՈՒՆՈՏԻ ԿԻՐՃԸ Հունոտի կիրճը Արցախի ամենասիրուն վայրերից մեկն է: Ավելի քան 3կմ ձգվածությամբ և 1000մ խորությամբ ժայռապատ կիրճը ծածկված է խիտ անտառներով և իրենից ներկայացնում է յուրահատուկ բնական և պատմաճարտարապետական համակարգ: Կիրճի խորքում գտնվում է եզակի բնական հուշարձան – քարանձավ, որի մեջ կարելի է մտնել միայն անցնելով ջրվեժի վարագույրը: Այդտեղ պահպանվել են միջնադարյան Հունոտ գյուղի ավերակները, բազմաթիվ ջրաղացներ, 3 քարե կամուրջներ, ինչպես նաև եկեղեցի և պարիսպներ, որոնք մեծ դեր են խաղացել քաղաքի պաշտպանության ժամանակ: Հարակից գյուղերի բնակիչները դեռ օգտվում են կամարակապ կամուրջից, որը կառուցվել է 1720 թվականին: Արևմտյան զառիթափին երևում են պաշտպանական կառույցների հետքեր և հինավուրց անձավներ, որոնք մարդկանց համար կացարան են հանդիսացել դեռևս նախնադարյան ժամանակաշրջանում: Կիրճ կարելի է իջնել կտրուկ քարե խութերով, Շուշիի բարձրավանդակի արևելյան մասով՝ Ջդրդուզով, որտեղից բացվում է քաղաքի շրջակայքի հիասքանչ համայնապատկերը:  

ՇՈՒՇԻ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ  Այն տեղակայված է XIX դարի կեսերի երկու շքեղ առանձնատներում, և ունի Շուշիին և նրա շրջակայքին պատկանող գտածոների մեծ հավաքածու: Թանգարանում ցուցադրված են հիմնադրման սկզբից մինչև մեր օրերը քաղաքի պատմությունը արտացոլող նմուշներ: Առանձին սրահը հատկացված է 1992 թվականի մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման մարտական գործողություններին: Թանգարանի հավաքածուն անընդհատ թարմացվում է նոր նմուշներով:

Հասցե՝ ք. Ստեփանակերտ, Վազգեն Սարգսյան 6/24

Հասցե՝ ԼՂՀ ք. Ստեփանակերտ, Վազգեն Սարգսյան 6/24

varandatravel@inbox.ru

(+374) 97 230730

Veranda travel logo

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Կայքերի պատրաստում և առաջխաղացում ASTUDIO