(+374) 97 230730

1 2 3 4 5

 

Պետական կառուցվածքը

 

Պաշտոնական անվանումը` Արցախի Հանրապետություն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն):

Մայրաքաղաքը՝ Ստեփանակերտ՝ մոտ 55 000 բնակչությամբ:

Բնակչությունը՝ 141,4 հազ. մարդ՝ 98% հայեր, 40% քաղաքային բնակչություն (2010թ.):

Տարածքը՝ 11,3 հազ. քառակուսի կիլոմետր (ԱՀ Սահմանադրության և 1994թ մայիսի 12–ին Ադրբեջանի Հանրապետության հետ կնքված կրակի դադարեցման համաձայնագրի համաձայն): Շահումյանի շրջանը, Մարտակերտի և Մարտունու շրջանների մի մասը ներկայումս գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Վարչական բաժանումը: Արցախի Հանրապետությունը բաժանված է 8 վարչական շրջանների՝ Քաշաթաղ, Մարտակերտ, Շահումյան, Ասկերան, Մարտունի, Հադրութ, Շուշի և քաղաք Ստեփանակերտ:

Պետական իշխանության և կառավարման մարմիններ: Համաձայն 2017 թվականին ընդունված ԱՀ Սահմանադրության, պետության գլխում կանգնած է Նախագահը: ԱՀ Նախագահը ընտրվում է ժողովրդի կողմից՝ ուղղակի ընտրությունների միջոցով, 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում: Համաձայն գործող օրենսդրության, ԱՀ Նախագահը հանդիսանում է գործադիր իշխանության ղեկավար և զինված ուժերի գերագույն հրամանատար: Նա նշանակում է վարչապետին և հաստատում է կառավարության կազմը: ԱՀ–ում իշխանության նախագահական ձևը առաջադրվել է 2017 փետրվարին:

ԱՀ ներկայացուցչական և օրենսդիր իշխանության բարձրագույն մարմինը Ազգային Ժողովն է: Ազգային ժողովի կողմից ընդունված բոլոր օրենքները հաստատվում են Նախագահի կողմից: Ազգային Ժողովը միապալատ ներկայացուցչական մարմին է: ԱՀ Ազգային ժողովը իր գործունեությունը իրականացնում է հիմնական և ժամանակավոր հանձնաժողովների նիստերի, ինչպես նաև պատգամավորների իրականացրած գործունեության միջոցով: Խորհրդարանի անդամները ընտրվում են 5 տարի ժամկետով: Ազգային Ժողովի նախագահը ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ:

ԱՀ գործադիր իշխանության մարմին է հանդիսանում Կառավարությունը, որի գլխում կանգնած է վարչապետը: Կառավարությունը բաղկացած է 11 նախարարություններից՝ առողջապահության նախարարություն, արդարադատության նախարարություն, արտաքին գործերի նախարարություն, գյուղատնտեսության նախարարություն, կրթության, գիտության և սպորտի նախարարություն, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն, պաշտպանության նախարարություն, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Ֆինանսների նախարարություն, քաղաքաշինության նախարարություն,  էկոնոմիկայի նախարարություն:

Կառավարությանն առընթեր գործունեություն են ծավալում պետական կառավարման 4 մարմիններ՝ ազգային անվտանգության ծառայություն,շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություն, ոստիկանություն,  փրկարար ծառայություն:

Դատավարության համակարգը: ԱՀ –ում գործում է եռաստիճան դատական համակարգ՝   ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, վերաքննիչ դատարան և գերագույն ատյանի դատարան, որը կատարում է նաև սահմանադրական դատարանի գործունեություն:

Պետական խորհրդանիշեր

ԱՀ պետական դրոշն իրենից ներկայացնում է ուղղանկյունաձև կտոր` հորիզոնական և հավասար երկարությամբ կարմիր, կապույտ, նարնջագույն շերտերով: Կտորի աջ կողմի երկու ծայրերից սկսվում է սպիտակ հնգատամ սանդղանման գորգանախշ, որը միանում է դրոշի մեկ երրորդ հատվածի վրա: Դրոշի լայնության հարաբերակցությունը նրա երկարությանը կազմում է 1:2:

 

ԱՀ պետական զինանշանն իրենից ներկայացնում է մի թևատարած արծիվ, որի գլխավերևում տարածվում են արևի ճառագայթները, իսկ գլխին տեղադրված է Արտաշեսյանների հարստության թագը: Կենտրոնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշի և Մեծ Քիրս լեռան ֆոնի վրա «Տատիկ և Պապիկ» քանդակի պատկերն է: Ներքևի մասում արծվի ճանկերի մեջ խաղողի վազեր են, թթենու պտուղներ, ցորենի հասկեր: Վերևի կիսաշրջանում արված է հայերեն մակագրություն` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն-Արցախ»:

Աշխարհագրությունը և կլիման

Աշխարհագրական դիրքը

Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը) գտնվում է Փոքր Կովկասի հարավ – արևելյան մասում: Հանրապետության ռելիեֆը ընդհանուր առմամբ լեռնային է. այն ընդգրկում է Արցախյան բարձրավանդակը և թեքությամբ իջնում է արևմուտքից՝ արևելք: Հանրապետության տարածքը բնութագրվում է սուր կտրված լեռնային ռելիեֆով: Ծովի մակարդակից միջին բարձրությունը 1100 մետր է: Արցախի գրեթե բոլոր գետերը, բացի Արաքսից, հոսում են արևմտյան և հարավ – արևմտյան լեռներից դեպի Արցախի հովիտ` լեռնային երկրի ռելիեֆը փոխակերպելով խորը կիրճերի և գեղատեսիլ վայրերի: Դրանցից ամենալայնարձակները Թարթառ գետի հովիտն է Մարտակերտի շրջանում և Արաքսի հովիտը` Դաշտային Ղարաբաղում: Հյուսիսից հարավ Սյունիքի լեռները և Վարդենիսի լեռնաշղթան ձգվում են Լեռնային Ղարաբաղի արևմտյան սահմանի ամբողջ երկայնքով և ճյուղավորվելով ձգվում են երկրի արևմուտքից դեպի արևելք: Հյուսիսային կողմում է ձգվում Մռավի լեռնաշղթան, որի ամենաբարձր լեռնային գագաթներն են Գոմշասարը (3724մ) և Մռովը (3343մ): Ղարաբաղյան լեռնաշղթան բաղկացած է հետևյալ լեռնագագաթներից` Ասկերանի շրջանում գտնվող «Քառասուն աղջիկներ» (2828մ), Մեծ Քիրս (2725մ) և Դիզափայտ (2480մ): Մեծ Քիրսը գտնվում է Շուշիի և Հադրութի շրջանների միացման տեղում, իսկ Դիզափայտը` Հադրութի շրջանում: Ղարաբաղյան բարձրավանդակը հայկականի նման բնութագրվում է իր ակտիվ սեյսմիկությամբ: Այստեղ հին ժամանակներից մեծ քանակությամբ հրաբխային ապարներ կան, օրինակ` կրաքար, նաև յուրայի և կավճի դարաշրջաններին պատկանող նստվածքային այլ ապարներ:

Կլիման

ԱՀ կլիման մեղմ է և բարեխառն. մոտ է չոր մերձարևադարձային կլիմային: Տարեկան միջին ջերմաստիճանը ըստ Ցելսիուսի սանդղակի +10.5 աստիճան է: Ամենաշոգ ամիսներն են հուլիսը և օգոստոսը, այդ ամիսներին միջին ջերմաստիճանը կազմում է 22 աստիճան:Դաշտային Արցախի տարածքը առանձնանում է համեմատաբար բարձր ջերմաստիճանով:Ցուրտ ժամանակահատվածում` հունվար և փետրվար ամիսներին միջին ջերմաստիճանն այստեղ, տատանվում է -0.2 մինչև -0.9 աստիճանների սահմաններում: Հանրապետության տարածքում ցուրտ և տաք եղանակները երկարաժամկետ չեն: Ցածրադիր վայրերում ջերմաստիճանը չի իջնում 0-2 աստիճանից ցածր, նախալեռնային շրջաններում այն իջնում է մինչև -10 աստիճան, իսկ լեռնային վայրերում` -10, -20 աստիճան: Ցածրադիր վայրերում ջերմաստիճանը բարձրանում է մինչև +40 աստիճան, իսկ բարձրադիր վայրերում` +32-ից մինչև +37 աստիճան: Լեռնահովտային քամիները գերիշխող են տարածքում: Մթնոլորտային տեղումների քանակը ըստ գոտիների տարեկան միջին հաշվով տատանվում է 480-700 մմ սահմաններում: Անձրևների մեծ մասը բաժին է ընկնում մայիս – հունիս և սեպտեմբեր – հոկտեմբեր ամիսներին: Հորդառատ անձրևներն ու կարկուտները նույնպես այս ժամանակահատվածներում սովորական երևույթ են:

Օգտակար հանածոներ

Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում) կան մետաղական և ոչ-մետաղական մի շարք հանքատեսակներ, սակայն, երկրաբանական-հետազոտական առումով երկրի տարածքը համեմատաբար քիչ է հետազոտված: Հնագույն ժամանակներից ի վեր Ղարաբաղում հայտնաբերված են եղել քարածխի հանքեր, նաև բազմաթիվ մետաղներ, մասնավորապես` ցինկ, կապար, պղինձ, ոսկի, ծծմբային կոլչեդան և երկաթ: Արցախը հարուստ է նաև ոչ մետաղներով: Մասնավորապես, շատ են մարմարի ու բազմերանգ մարմարեցված կրաքարի հանքավայրերը: Հանրապետության տարածքում կան նաև գրանիտի, բազալտի, տուֆի, կրաքարի հանքավայրեր, ինչպես նաև բարձր որակի ցեմենտ, գրաֆիտ, վիմագրական քար, գիպս, ավազ և կավ արտադրելու հումք: 2002 թվակնից սկսած Դրմբոնի հանքում (Մարտակերտի շրջան) արդյունահանում են ոսկի: ԼՂՀ–ն նաևհարուստ է հանքային ջրերի աղբյուներով: Դրանցից մի քանիսը հայտնի են հին ժամանակներից: Հանքային ջրերի աղբյուրները, որոնք գտնվում են Շուշիից 16–18կմ հեռավորության վրա՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի մոտ, ունեն հատուկ գործնական նշանակություն: Դրանք հարուստ են երկաթով և բարձր են գնահատվում իրենց բուժիչ հատկությունների շնորհիվ: Առողջարար հանքային աղբյուրները, մեղմ կլիման, մաքուր օդը և ջինջ գետերը, նաև տարբեր մրգերով հարուստ անտառները, գեղատեսիլ հովիտներն ու ջրվեժները Արցախի հարստությունն են, որոնք կատարյալ տեղ են դարձնում այն՝ հանգիստն անցկացնելու համար: 

Ֆլորա և Ֆաունա

Արցախի բուսական աշխարհը բազմազան է. աճում են շուրջ երկու հազար բուսատեսակներ: Այստեղ մերկ ժայռերը շատ քիչ են. այդպիսիք են միայն բարձր լեռնագագաթային մասերը: Արցախի լեռները ծածկված են անտառներով, թփուտներով կամ խոտային բուսականությամբ: Ծովի մակերևույթից մինչև 300-350 մետր բարձրություն ունեցող տափաստանային մասերում գերակշռում են հիմնականում կիսաանապատային տիպի բուսատեսակները: Այստեղ հատկապես տարածված են օշինդրը, ուղտափուշը, կապարը, ոզնախոտը, երնջակը և այլ բազմաթիվ բուսատեսակներ: Խոտային բուսականությունը հարուստ է նախալեռնային և միջին լեռնային գոտիներում: Արցախը հարուստ է նաև անտառներով, որոնք կազմում են հանրապետության տարածքի ավելի քան 36%-ը կամ 160 հազ. հա: Առավել անտառաշատ են Մարտակերտի, Ասկերանի և Հադրութի շրջանները, ուր աճում են կաղնու, բոխու, լորենու, հացենու, կեչու և այլ ծառատեսակներ: Անտառների բացատներում առատորեն աճում են բազմատեսակ բուրումնավետ ծաղիկներ ունեցող բույսեր՝ մանուշակ, անտառավարդ, կակաչ, շուշան, մեխակ, նունուֆար: Հանրապետությունն աչքի է ընկնում նաև մոշի առատությամբ: Անտառային գոտուց վեր, մոտ 2300 մ բարձրության վրա, սփռված են ալպիական, իսկ ավելի բարձր լեռնագագաթային մասերում՝ տունդրային յուրահատուկ բուսատեսակներ:

Շատ բազմազան է նաև երկրամասի կենդանական աշխարհը: Դաշտային գոտում կարելի է հանդիպել ջեյրանների, վայրի այծերի ու խոզերի: Անտառներում կան գորշ արջեր, գայլեր, վայրի կատուներ, լուսաններ, աղվեսներ, նապաստակներ, սկյուռեր, խլուրդներ ու վայրի խոզեր: Թռչուններից տարածված են վայրի սագը, բադը, կաքավը, կաչաղակը, ագռավը, ճնճղուկը, աղավնին, ուրուրը, կկուն, տատրակը, փայտփորիկը, մոշահավը, արտույտը, բուն և այլն: Դաշտավայրային մասերում ու քարքարոտ նախալեռնային գոտիներում տարածված են օձերի շատ տեսակներ, կրիաներ, ոզնիներ: Բազմազան են մորեխների, բզեզների և թիթեռների տեսակները: Համեմատաբար մեծ գետերում կան ձկներ:

ԺԱՄԱՅԻՆ ԳՈՏԻՆ

ԼՂՀ-ն, ինչպես նաև ողջ Հարավային Կովկասը գտնվում է GMT+4 ժամային գոտում:

ՏՈՆԵՐԸ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԸ

Ըստ պետական որոշման` աշխատանքային շաբաթը բաղկացած է հինգ օրից` երկուշաբթիից մինչև ուրբաթ: Շաբաթը և կիրակին ոչ աշխատանքային օրեր են: Այս օրերին բոլոր պետական հիմնարկները, գրասենյակներն ու ձեռնարկությունների մեծ մասը փակ են: Խանութները, սպառողական ծառայություններ մատուցող հիմնարկները և շուկան աշխատում են ամբողջ շաբաթ` առանց հանգստյան օրի: Տոն և հիշատակի ոչ աշխատանքային օրերը սահմանվում են պետության կողմից: ԼՂՀ-ում տոն և հիշատակի օրերին բոլոր խանութներն ու սպառողական ծառայություններ մատուցող հիմնարկները աշխատում են` ի տարբերություն պետական հիմնարկների, գրասենյակների և արտադրական ձեռնարկությունների: Այնպիսի տոն օրերի կապակցությամբ, ինչպիսիք են օրինակ` մայիսի 9-ը` Հաղթանակի, Շուշիի ազատագրման և ԼՂՀ բանակի օրը և սեպտեմբերի 2-ը` ԼՂՀ անկախության օրը, Ստեփանակերտում և շրջկենտրոններում անցկացվում են բազմաթիվ փառատոներ:

Դեկտեմբերի 31 և հունվարի 1-2 – Ամանորյա տոներ

Հունվարի 6 – Սուրբ ծնունդ

Հունվարի 7 - Սուրբբ Ծննդյան ու Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օր

Փետրվարի 20 - Արցախի վերածննդի օր

Փետրվարի 21 - Մայրենի լեզվի օր

Փետրվարի 23 - Հայրենիքի պաշտպանի օր

Մարտի 8 – Կանանց միջազգային օր

Ապրիլի 7 - Մայրության և գեղեցկության տոն

Ապրիլի 24 - Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Մայիսի 1 - Աշխատավորների համերաշխության միջազգային օր

Մայիսի 9 - Հաղթանակի տոն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օր

Մայիսի 28 - Հայաստանի Առաջին Հանրապետության օր 

Հունիսի 1 - Երեխաների պաշտպանության միջազգային օր

Հունիսի 29 - Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օր

Սեպտեմբերի 2 - ԼՂՀ անկախության օր

Հոկտեմբերի երկրորդ շաբաթ օր - Թարգմանչաց տոն

Դեկտեմբերի 7 - Երկրաշարժի զոհերի հիշատակի օր

Դեկտեմբերի 10 - Սահմանադրության օր, Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր, ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի օր:

Հեռախոսային ցանցը

Համարյա ամբողջ Ղարաբաղով մեկ տարածված է ժամանակակից կապի ծառայությունների ցանցը, որը գործում է կանոնավոր` առանց ընդհատման: Հեռախոսային ծառայությունները ԼՂՀ-ում մատուցվում են «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կողմից, որն օգտվողներին ապահովում է առավել ժամանակակից և հարմար տեխնոլոգիաներով ու ծառայություններով: Ընկերությունը տրամադրում է նաև արտաքին զանգեր: Փոստային-հեռագրային գրասենյակները բաց են բոլոր բնակավայրերում: Բնակավայրի տարածքում ֆիքսված հեռախոսակապով զանգերը իրականացվում են անվճար: Դեպի երկրի այլ բնակավայրեր զանգերի համար գործում է րոպեավճար: Րոպեի արժեքը կախված է այն երկրից, ուր ուզում եք զանգահարել: Արտաքին զանգեր կատարելու համար անհրաժեշտ է առաջին հերթին հավաքել 0, ապա տվայլ երկրի կոդը, այնուհետև նահանգի (կամ քաղաքի) կոդը և անհրաժեշտ հեռախոսահամարը: ԼՂՀ միջազգային հեռախոսային կոդը + 374 479 է: Եթե դուք ԼՂՀ զանգահարում եք արտասահմանից, միջազգային կոդից հետո պետք է հավաքել նաև հնգանիշ հեռախոսահամարը: 

Բջջային կապ: Բջջային կապի ծառայությունները լայնորեն տարածված են ԼՂՀ-ում: Բնակչության մեծ մաը, այդ թվում նաև երեխաները, ունեն առնվազն մեկ բջջային հեռախոս: Բջջային կապի ծառայությունները ղարաբաղյան շուկայում տրամադրվում են «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կողմից: Ղարաբաղում գործում են նաև Հայաստանի բջջային կապի օպերատոր «ՎիվաՍել»-ի քարտերը: «Ղարաբաղ Տելեկոմ»-ի, ինչպես նաև «ՎիվաՍել»-ի կանխավճարային և հետվճարային քարտեր կարելի է ձեռք բերել «Ղարաբաղ Տելեկոմ»-ի սպասարկման կենտրոններում: Սպասարկման կենտրոնները կարելի է հեշտությամբ ճանաչել լոգոտիպով` սպիտակ ֆոնի վրա կապտակարմիր տառերով` «KT»: Բոլոր մուտքային զանգերն անվճար են: Ելքային զանգերը ցանցի ներսում իրականացվում են մեկ սակագներով, իսկ դեպի այլ ցանցեր սակագները կախված են տվյալ երկրներից: Բջջային կապի և ծառայությունների սակագների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ընկերության www.ktsurf.net կայքէջից: 

Սպասարկման կենտրոններից կարելի է ֆաքս ուղարկել, ինչպես նաև միջքաղաքային հեռախոսային զանգեր կատարել օրվա ցանկացած ժամանակ: «Ղարաբաղ Տելեկոմ» և «ՎիվաՍել» ընկերությունները ԼՂՀ տարածքում իրականացնում են բջջային կապի աշխարհի առաջատար պրովայդերների ռոումինգ ծառայություններ: «Ղարաբաղ Տելեկոմ»-ի սպասարկման կենտրոնների մասին տվյալներ կարելի է ստանալ այս հասցեով

Ղարաբաղ Տելեկոմի կոնտակտային տվյալները

ք. Ստեփանակերտ, Վ.Մամիկոնյանի փող.,

հեռ.` (+374 47)97 17 36:

Ինտերնետ կապ

Այսօր ինտերնետ ծառայությունը հասանելի է ԼՂՀ ամբողջ տարածքում: Գործում են մի քանի ինտերնետ պրովայդերներ, որոնք մատուցում են տարբեր տեսակի ինտերնետ ծառայություններ: Բոլոր սրճարանները, ռեստորանները, հյուրանոցները և այլ նման հաստատություններ ունեն անվճար wi-fi կապ: Բացի այդ, հասարակական վայրերում՝ ինչպիսիք են հրապարակ, զբոսայգի և այլն, դուք կունենաք հնարավորություն օգտվել անվճար wi-fi կապից: Եթե ինչ-որ գործ ունեք անելու, միշտ կարող եք այցելել ինտերնետ-սրճարաններ կամ ինտերնետ ակումբներ և օգտվել բարձրորակ ինտերնետից որոշակի ժամավճարի դիմաց: Այժմ արդեն երկրի ողջ տարածքում գործում է 3G բարձրորակ կապ, որից օգտվելու համար ընդամենը պետք է այցելել KT(Ղարաբաղ Տելեկոմ) սպասարկման կետերից մեկը և ակտիվացնել:

Փոստ

Երկրի գրեթե բոլոր քաղաքներում կան փոստային բաժանմունքներ: Կենտրոնական փոստային գրասենյակը գտնվում է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում` Հակոբ Հակոբյան փող. 30 հասցեում: Փոստային բաժանմունքներն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ `ժամը 9:00-ից մինչև 17:00-ն` մեկ ժամ ընդմիջումով ժամը 13:00-ից մինչև 14:00-ն: Կենտրոնական փոստը աշխատում է նաև շաբաթ օրերին` ժամը 9:00-ից մինչև 13:00-ն: Տոն օրերին փոստային գրասենյակները փակ են: Փոստային բաժանմունքները մատուցում են նամակների ուղարկման և ստացման հետ կապված տարբեր ծառայություններ: ԼՂՀ-ից կարելի է ուղարկել նամակներ կամ բացիկներ, որն իրականացվում է ավիափոստով, ինչպես նաև ծանրոցներ` ըստ համապատասխան դրույքաչափերի, որը հաշվում է ըստ ծանրության, երկրի, ուր ուղարկվում է և առաքման տեսակի: Փոստային առաքումը կարող է լինել նաև պատվերով: 1992 թ-ից Լեռնային Ղարաբաղը տպում է իր նամականիշերը, որոնք շրջանառվում են ամբողջ աշխարհում և բարձր են գնահատվում ֆիլատելիստների կողմից: Ղարաբաղյան նամականիշերի հավաքածուն կարելի է գտնել այստեղ: Երկրի փոստային բաժանմունքներում վաճառվում են նամականիշեր, դեկորատիվ բացիկներ և ծրարներ:

Փոստային ադմինիստրացիան մատուցում է նաև մի ծառայություն, որը հնարավորություն է տալիս փոստով նամակ, փաթեթ կամ ծանրոց ստանալ` միայն ստացողի անունով: Ուղարկողը ուղարկվող նամակի, փաթեթի կամ ծանրոցի վրա պետք է գրի «Post Restante» և նշի այն տեղի անունը, որտեղից այն պետք է ստանա և հասցեատիրոջ լրիվ անունը, ով կարող է ստանալ ուղարկվածը փոստային աշխատողին իր անձնագիրը կամ ինքնությունը հաստատող փաստաթուղթը ցույց տալուց հետո միայն: Ուղարկվածը պահպանվում է փոստում ստացված օրվանից սկսած մինչև մեկ ամիս ժամանակով: 30 օրը լրանալուց հետո այն հետ է ուղարկվում ուղարկողին: Ղարաբաղ և Ղարաբաղից ուղարկվող փոստը հասնում է հասցեատիրոջը 7-14 օրվա ընթացքում ` կախված ուղարկող երկրից և հասցեատեր երկրից:

Փոստային ինդեքս. 375000:

ԷԼԵԿՏՐՈԷՆԵՐԳԻԱ

ԼՂՀ-ում էլեկտրական հոսանքի լարումը 220 V է, միաֆազ, տատանումները` 60 հերց հաճախականությամբ: Որպես կանոն, բոլոր էլեկտրական վարդակները երկու անցք ունեն: Չի բացառվում, որ էլեկտրական սափրիչների, դյուրակիր արդուկների և այլ փոքր էլեկտրական սարքերի համար դուք ադապտորների կամ միակցիչների կարիք ունենաք, և լավ կլինի, որ ձեր հենց ապահովության համար դրանք նախօրոք ձեռք բերեք: Ադապտորներ կան նաև հյուրանոցների ադմինիստրացիաներում կամ էլ դրանք կարող եք ձեռք բերել մասնագիտացված խանութներում:

ՏԱՐԱԴՐԱՄԸ ԵՎ ԲԱՆԿԵՐԸ

Տեղական արժույթը. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չունի իր արժույթը: ԼՂՀ-ի տարածքում օգտագործվում է Հայաստանի արժույթն և ֆիքսված դրամական միավորը հայկական դրամն է (Armenian Dram - AMD) կամ ուղղակի «դրամ»: Մեկ դրամը հավասար է 100 լումայի: Չնայած կանխիկ լուման այլևս շրջանառության մեջ չէ, բանկային հաշվարկների ժամանակ այն դեռևս գործում է: ԼՂՀ-ում ներկայիս շրջանառվող թղթադրամներն են` 1000, 5000, 10 000, 20 000, 50 000 և 100 000 դրամանոցները, իսկ մանրադրամներն են` 10, 20, 50, 100, 200, 500 դրամանոցները: Հայկական դրամի փոխարժեքը ամերիկյան դոլարի նկատմամբ տատանվում է 1 դոլլարի դիմաց՝  400 դրամի սահմաններում:

Տարադրամի փոխանակումը

Ղարաբաղ թույլատրվում է ներմուծել անսահմանափակ քանակությամբ կանխիկ գումար` և տեղական արժույթով, և արտարժույթով կամ էլ միջազգային վարկային քարտերով («VISA», «MASTERCARD», «MAESTRO» և «AMERICAN EXSPRESS»): Ցանկացած հեշտ փոխարինվող արժույթ կարելի է փոխանակել հայկական դրամով Ղարաբաղ ժամանելուն պես, որևէ բանկում, հյուրանոցների մեծ մասում, Ստեփանակերտում կամ շրջաններում գտնվող լիցենզավորված փոխանակման գրասենյակներում: Արժույթի փոխարժեքները տատանվում են աննշան չափով: Ամենօրյա փոխարժեքների փոփոխություններն կարելի է ծանոթանալ www.cba.am  ինտերնետային կայքէջում:

 

Կանխիկ գումարի ստացում բանկոմատներից

 

Միջազգային վարկային «VISA», «MASTERCARD» և «MAESTRO» քարտեր ունեցողները կարող են կանխիկ գումար ստանալ տեղական արժույթով կամ արտարժույթով այն բանկերից, որոնք աշխատում են իրենց վարկային ընկերությունների հետ: Բանկոմատները տեղադրված են բանկերի մուտքերի մոտ կամ սուպերմարկետներում:

 

Գնումների կատարումը և կանխիկ վճարումները

Ըստ գործող օրենսդրության ապրանքների կամ ծառայությունների դիմաց պետք է վճարել միայն հայկական դրամով: Բոլոր վճարումներում հաշվարկվում են նաև հարկերը: Խանութպանները, ապրանք վաճառողները և ծառայություններ մատուցողները իրավունք չունեն վերցնելու տարադրամ կամ փոխանակելու այն:

 

ԼՂՀ-ում գործող բանկերի և դրանց կոնտակտային տվյալների ցանկը

Արցախբանկ`  ք. Ստեփանակերտ, Կնունյանցների 25, հեռ.` (+374 47) 94 34 12, կայքէջ: www.ab.am

Արդշինինվեստբանկ` ք. Ստեփանակերտ, Մ. Մաշտոցի 1, հեռ.` (+374 47) 94 15 39

Հայէկոնոմբանկ` ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 21, հեռ.`(+374 47) 94 07 38

Արարատբանկ` ք. Ստեփանակերտ, Մ. Մաշտոցի 1ա, հեռ.`(+374 47) 94 79 35

Յունիբանկ` ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 9, հեռ.`(+374 47) 94 92 17

Ամերիա բանկ, հասցե` ք. Ստեփանակերտ, Վ. Սարգսյան 21, հեռ.`(+374 47) 94 52 96, (+374 47) 97 12 40

Հասցե՝ ք. Ստեփանակերտ, Վազգեն Սարգսյան 6/24

Հասցե՝ ԼՂՀ ք. Ստեփանակերտ, Վազգեն Սարգսյան 6/24

varandatravel@inbox.ru

(+374) 97 230730

Veranda travel logo

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Կայքերի պատրաստում և առաջխաղացում ASTUDIO